Թրամփը խախտել է պայմանավորվածությունը․ կոշտ նախազգուշացում Կիևին

Թրամփը խախտել է պայմանավորվածությունը․ կոշտ նախազգուշացում Կիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, առանց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ խորհրդակցելու, փոփոխել է նրանց համատեղ հայտարարությունը՝ դրանում ներառելով Կիևին ուղղված նախազգուշացում՝ ուկրաինական հակամարտության սրմանը նպաստող գործողություններից զերծ մնալու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Politico-ն։

Թրամփն ու Ռյուտեն նոյեմբերի 25-ին հանդիպել են ԱՄՆ նախագահի՝ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագո կալվածքում։ Հանդիպումից հետո Սպիտակ տունը հրապարակել է նրանց համատեղ հայտարարությունը, որում ընդգծվել է ուկրաինական հակամարտության հնարավորինս արագ խաղաղ կարգավորման և դրա հետագա սրումը կանխելու կարևորությունը։

Փաստաթղթում հակամարտության սրման վտանգը կապվել է Ռուսաստանի գործողությունների հետ, որոնք «միտումնավոր կամ ակամա» կարող են հանգեցնել նման զարգացումների։ Հայտարարությունը հրապարակվել է նաև ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում։

Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է համատեղ հայտարարության փոփոխված տարբերակը՝ ավելի լայնածավալ հակամարտության հանգեցնող գործողությունների վերաբերյալ նախազգուշացումն ուղղելով ոչ միայն Ռուսաստանին, այլև Ուկրաինային։

ՆԱՏՕ-ի խոսնակը պարբերականին հայտնել է, որ հայտարարության սկզբնական տարբերակը համաձայնեցված է եղել երկու կողմերի միջև։ Պարբերականի գնահատմամբ՝ դա նշանակում է, որ Թրամփը հետագայում միակողմանիորեն փոփոխել է փաստաթուղթը։

ԱՄՆ նախագահը չի պատասխանել լրագրողների՝ Ռյուտեի հետ հանդիպման մանրամասներին վերաբերող հարցերին։ Սպիտակ տունը ևս հրաժարվել է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել։



Opinion, pooling and voting