Փոքր Արագյալ գյուղի դպրոցի կաթսայատունը արդեն ծածկի տակ է

Փոքր Արագյալ գյուղի դպրոցի կաթսայատունը արդեն ծածկի տակ է

Նոր ռադիոն մեկ ամիս առաջ անդրադարձել էր Փոքր Արագյալ գյուղի դպրոցի նոր կաթսայատան խնդրին, որը կառուցվել էր բաց երկնքի տակ: Մեկ ամիս անցնելուց հետո մեր նկարահանող խումբը, կրկին գտնվելով գյուղում, ականատես եղավ, որ կաթսաների գտնվելու վայրում կառուցվել է փոքրիկ կաթսայատուն:

Մեզ չհաջողվեց խոսել դպրոցի տնօրենի հետ: Մեր աղբյուրի համաձայն` դպրոցի վերանորոգումն իրականացնող “Պրեմիերա” ընկերությանը տրամադրվել է լրացուցիչ ժամանակ, որպեսզի վերջինս ավարտին հասցնի կիսատ թողած աշխատանքները: Այժմ դպրոցը ջեռուցվում է էլեկտրական տաքացուցիչների օգնությամբ, իսկ գյուղացիների խոսքով, այն շուտով անցնելու է կենտրոնական ջեռուցման:

Նշենք, որ Փոքր Արագյալ գյուղի դպրոցում ջեռուցման համակարգ անցկացնելու համար հայտարարվել էր մրցույթ դպրոցի բյուջեից 46 559 լարիի դիմաց: Մրցույթը կայացել էր spa.ge կայքում, իսկ մասնակից կազմակերպություններն էին եղել “Պրեմիերա”, “Ինտեր” և “Արման” ընկերությունները: Արդյունքում մրցույթում հաղթել էր “Պրեմիերա” շինկազմակերպությունը 41 000 լարիի դիմաց: Այդ գումարով ընկերությունը պետք է դպրոցում անցկացներ ջեռուցում, ջրագիծ և կառուցեր սանհանգույց:

Թե երբ դպրոցը վերջնականապես կանցնի կենտրոնական ջեռուցման, մենք կտեղեկացնենք մեր հետագա նյութերում: