Դեկտեմբերի 14-ին Թբիլիսիի Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ հանդիպում Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի և Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների միջև:
Նինոծմինդայի մունիցիպալիտետից հանդիպմանը ներկա էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի, “Փարվանա” հեռուստաընկերության և Նոր ռադիոյի ներկայացուցիչները:
“Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է էլ ավելի խորանան: Լավ է, որ մենք միասնական ենք, դա կնպաստի, որպեսզի հասնենք հաջողության: Ես իմ դիվանագիտական առաքելությունն իրականացնելիս կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի նպաստեմ հայկական համայնքի միասնականությանը՛՛,- իր ելույթում նշեց դեսպան Ռուբեն Սադոյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 31-ի հրամանագրով Յուրի Վարդանյանը ազատվել էր Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014 թ. հունիսից: Հայաստանի նախագահի մեկ այլ հրամանագրով Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակվեց Ռուբեն Սադոյանը:
Ռուբեն Սադոյանը 49 տարեկան է, ծնվել է Երևանում, մասնագիտությամբ ֆինանսիստ-տնտեսագետ է։ Տարբեր տարիների պաշտոնավարել է որպես Հայաստանի պետական եկամուտների նախարարության հարկային տեսչության վերլուծության և հարկային եկամուտների պլանավորման բաժնի գլխավոր հարկային տեսուչ, «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ «Արշակունի» մասնաճյուղի տնօրեն, «Կենտրոն-կանաչապատում» ընկերության փոխտնօրեն, ղեկավարել է «Վահունի», «Ռոյալ կրիստալ» ՍՊ ընկերությունները, եղել է նախորդ երկու գումարումների Ազգային ժողովի պատգամավոր: Ամուսնացած է, ունի երկու երեխա: