Հայկական և վրացական մի շարք լրատվամիջոցներ տարածել են «Ազատ Վրաստան» կուսակցության հայտարարությունը առ այն, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի 8 պաշտոնյաներ ունեն նաև Հայաստանի քաղաքացիություն:
Կուսակցությունը պահանջում է զրկել նրանց քաղաքացիությունից ու պաշտոններից: «Մեղադրվողները» հերքում են, պահանջելով ապացույցներ:
«Ազատ Վրաստան» կուսակցության հայտարարության մեջ նշվում է նրանց անուն ազգանունները, դրանք են` Սմբատ Կյուրեղյան, Վաղինակ Արզումանյան, Արարատ Նանայան, Մկրտիչ Նանայան, Գրիգորի Շամիլյան, Անդրանիկ Մկրտչյան, Սեդա Դարբինյան և Վաղինակ Ղազարյան: Այս ցանկից, 6 մարդ Սակրեբուլոյի պատգամավոր է ընտրվել «Վրացական երազանք» կուսակցությունից, Վաղինակ Ղազարյանը նույնպես պատգամավոր է, բայց այլ` «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից ու Արարատ Նանայանը, ով ներկայացված է եղել «Վրացական երազանք» կուսակցության համամասնական ցուցակում, սակայն չի անցել սակրեբուլո և հանդիսանում է տեղական իշխանությունների աշխատակից:
«Ազատ Վրաստան» կուսակցությունը պաշտոնապես դիմել է Վրաստանի Արդարադատության նախարարությանը և Պետական անվտանգության ծառայությանը, խնդրելով այդ քաղաքացիներին զրկել իրենց լիազորություններից, բացատրելով, որ այդ մարդիկ խախտել են Վրաստանի Սահմանադրությունը: Այս մեղադրանքների հիմքում ընկած է այն, որ այդ անունները եղել են Հայաստանի ընտրացուցակներում:
Թե ինչքանով է այս հայտարարությունը համապատասխանում իրականությանը, մենք փորձեցինք ճշտել Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանից:
«Մինչ պատգամավորի թեկնածու առաջադրվելը, բոլոր նշված անձանց նկատմամբ ստուգում է անցկացվել մի շարք ատյաններում և եթե ստույգ փաստեր լինեին, այդ մարդիկ չէին կարող ընտրվել սակրեբուլոյի պատգամավորներ: Ես կոնկրետ գիտեմ, թե ովքեր են այդ մեղադրող մարդիկ:Նրանք իրենց ենթադրությունների հիմք են վերցրել Հայաստանի Հանրապետության ընտրացուցակը: Եվ սա առաջին դեպքը չէ, նախորդ ընտրությունների ժամանակ ևս նման տեղեկատվություն էր տարածվել », – նշեց Սմբատ Կյուրեղյանը:
Նյութի մանրամասները լսեք մեր ռեպորտաժում.