Պետհաստատություններում ստաժավորման հնարավորություն «1+4»-ի ուսանողների համար

Պետհաստատություններում ստաժավորման հնարավորություն «1+4»-ի ուսանողների համար

Մեկնարկում է Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ քաղաքացիների համար նախատեսված՝ հանրային հաստատություններում ստաժավորման ծրագրի երկրորդ փուլը: Ըստ ծրագրի՝ այն ուսանողներին, որոնք օգտվում են, կամ օգտվել են «1+4» վրացերեն լեզվի նախապատրաստական ծրագրից, հնարավորություն է ընձեռնվում ավարտական տարիներին սովորելուն զուգահեռ, կամ ուսումն ավարտելուց հետո, ստաժավորում անցնել ընտրված պետական հաստատությունում:

«Հանրային հաստատություններում պրակտիկա անցնելու ընթացակարգի եւ պայմանների մասին» կառավարության որոշման մեջ փոփոխությունների մասին կայացված որոշման մասին տեղեկացրել է Հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետնախարար Քեթեւան Ցիխելաշվիլին: Նրա խոսքով, կայացված որոշումը կնպաստի էթնիկ փոքրամասնությունների հանրային կյանքում ակտիվ ներգրավվելուն: Ստաժավորման ծրագրին ուսանողները դիմելու հնարավորություն կունենան երկու փուլով՝ ապրիլին (գարնանային կիսամյակ) եւ նոյեմբերին (աշնանային կիսամյակ)

Փորձնական` պիլոտային ծրագիրն իրականացվել էր նախորդ տարվա ընթացքում՝ պետնախարարության նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի զարգացման գործակալության աջակցությամբ: Մասնակից 65 երիտասարդները պրակտիկա են անցել 20 պետհաստատություններում:

Արեգնազ Պետրոսյանը պիլոտային ծրագրի շրջանակներում ստաժավորում է անցել Վրաստանի ազգային արխիվում: Ասում է` մեծամասամբ աշխատում էր հայատառ ձեռագրերի հետ.

«Իմ գործն էր ուսումնասիրել եւ դիմումներ գրել: Ստաժավորման երեք ամիսների ընթացքում աշխատանքի մեծ փորձ ձեռք բերեցի, ինչի արդյունքում դժվարությունների չեմ հանդիպում այժմյան աշխատավայրում»:

Արեգնազի խոսքով` աշխատանքի ընդունվելիս, պետական հաստատությանն անցած ստաժավորումը մեծ դեր է խաղացել:

«1+4» ծրագիրն ավարտած Լիլիթ Օգանեսյանը, ով ստաժավորումն անցել էր Օմբուդսմենի Ախալքալաքի գրասենյակում, այժմ նույն տեղում էլ աշխատում է.

«Ստաժավորումս տեւեց ամիս ու կես, այնուհետեւ անցա աշխատանքի նույն վայրում: Մինչեւ ստաժավորումը սկսելը նույն հաստատությանն ուղարկել էի նաեւ փաստաթղթերս՝ աշխատանքի ընդունվելու նպատակով, անցել էի 2 փուլերը: Ստաժավորումը որեւէ գրքում չգրված գործնական գիտելիքներ տվեց ինձ».

Ալիքի հետ զրույցում Լիլիթը խորհուրդ տվեց էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին բաց չթողնել նման հնարավորությունը:

Հիշեցնենք, տարեցտարի ավելանում է «1+4» վրացերեն լեզվի նախապատրաստական ծրագրի դիմորդների թվաքանակը: Այսպես, եթե 2010 թվականին ծրագրին դիմել էր 247 ուսանող, ապա 2017-18 ուս. տարվա ընթացքում ծրագիրն ունի արդեն 1047 ուսանող:

www.aliq.ge