Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին քննադատել է երկրի նոր կառավարության կադրային քաղաքականությունը: Ստրասբուրգում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ կառավարության ճնշման արդյունքում պաշտոններից ազատվել են նրանք, ովքեր միջազգային մակարդակով Վրաստանի շահերն էին պաշտպանում:
Միխայիլ Սահակաշվիլիի խոսքով` նոր կառավարության կողմից մերժված անձանց մեջ են նրանք, որոնց շնորհիվ, Ստրասբուրգի դատարանում Վրաստանի համար հաջող են ավարտվել «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» դատալսումները, որոնք վերաբերում էին 2006 թվականին Ռուսաստանից Վրաստանի քաղաքացիների դուրսբերմանը:
Նրա խոսքով` միջազգային մակարդակներում արդարության հասած մարդկանց համար ստեղծվել են շատ վատ պայմաններ: Սահակաշվիլին նշել է արդարադատության նախարարության նախկին ղեկավար Թինա Բուրջելիանիի դերը, որը եղել է ամենակարեւոր շարժիչ ուժը եւ ԵԽ-ում Վրաստանի նախկին մշտական ներկայացուցիչ Մամուկի Ժգենդիի դերը, որին նոր կառավարությունը հետ է կանչել: «Այնպիսի ժամանակ է, երբ բոլոր նրանք, ովքեր պաշտպանել են Վրաստանի շահերը, հատկապես՝ ՌԴ-ից, առաջինն են հայտնվել ճնշման տակ»,- հայտարարել է Սահակաշվիլին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»: «Հուսով եմ, որ դա չի կատարվում ինչ որ մեկի թելադրանքով, քանի որ դա մեծ ողբերգություն կլիներ»,- նշել է նախագահը:NEWS.AM