Եվրահանձնաժողովը լրջորեն մտահոգված է Վրաստանից ԵՄ տարածք եկած կազմակերպված հանցավոր խմբավորումների գործունեությամբ: Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի Արեւմտյան Բալկանների երկրների, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին հաշվետվության մեջ, փոխանցում են վրացական լրատվամիջոցները:
Նշվում է, որ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների թվում Վրաստանն առաջինն է քաղաքացիների թվով, որոնք Եվրոպայում ծանր հանցագործություններ են կատարում: «Վրացական կազմակերպված հանցավոր խմբավորումները շատ շարժունակ են, հիմնականում ներգրավված են սեփականության դեմ ուղղված հանցագործություններում՝ գողություններ եւ կողոպուտներ, հատկապես ակտիվ են Ֆրանսիայում, Հունաստանում, Գերմանիայում, Իտալիայում եւ Իսպանիայում»,- նշված է հաշվետվության մեջ:
Եվրահանձնաժողովի կարծիքով՝ այս խմբավորումների գործունեությունը սպառնում է Եվրամիությանը, քանի որ քրեական շուկաների վրա նրանց վերահսկողությունն աճում է, եւ նրանք համագործակցում են ԵՄ-ում չներկայացված այլ խմբավորումների հետ: «Վրաստանը դեռեւս օգտագործվում է որպես ԵՄ-ից ստացված ապօրինի միջոցների լվացման վայր, որ ԵՄ-ում հայթայթում են տարբեր կազմակերպված հանցավոր խմբավորումները, այն տարանցիկ երկիր է դարձել հանցավոր եկամուտների լվացման համար»,- նշված է հաշվետվության մեջ:
Եվրահանձնաժողովը միաժամանակ նշել է, որ Վրաստանը հավատարմություն է ցուցադրում քրեական հանցագործությունների դեմ պայքարում եւ այս ուղղությամբ միջազգային համագործակցության գործում: ԵՀ-ն կարծում է, որ Վրաստանը շարունակում է իրականացնել ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացման հիմնական կետերը: