Թեև ճանապարհը բաց է, սակայն թույլ չեն տալիս երթևեկել

Թեև ճանապարհը բաց է, սակայն թույլ չեն տալիս երթևեկել

Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհը փակվում է երեկոյան ժամը 20:00-ին: Ճանապարհային ոստիկանը թույլ չի տալիս նշված ճանապարհով երթևեկել, չնայած այն հանգամանքին, որ ճանապարհը ձյունածածկ չէ և անցանելի է:

Դեկտեմբերի 23-ի երեկոյան 20:30-ի սահմաններում Թբիլիսիից Նինոծմինդա ժամանող ավտոբուսը Ծալկայի Նարդիվան գյուղի մոտ հասնելով չի կարողացել շարունակել ճանապարհը դեպի Նինոծմինդա ճանապարհային ոստիկանի կողմից տրված համապատասխան հրամանի պատճառով: Ավտոբուսում գտնվել են ուսանողներ, տարեց մարդիկ, ովքեր այդ ձմեռային ցուրտ երեկոյին Թբիլիսիից շտապում էին հասնել Նինոծմինդա: Ճանապարհի հանդիպակաց ուղղությամբ եկող մեքենաների վարորդները նշում էին, որ ճանապարհը բացը և անցանելի:

Ավտոբուսում գտնվող մարդիկ բողոքում էին, որ եթե ճանապարհը բաց է, ձյունածածկ չէ, բուք չկա, ապա ինչն է պատճառը, որ իրենց թույլ չեն տալիս շարունակել ճանապարհը դեպի Նինոծմինդա և հորդորում են հետ գնալ Թբիլիսի և Նինոծմինդա հասնել Թբիլիսի-Ախալցիխե ճանապարհով: ՛՛Ճանապարհային ոստիկանը մեզ թույլ չի տալիս և ասում է, որ հրաման ունեն երեկոյան ժամը 20:00-ից հետո արգելել վարորդներին երթևեկել Թբիլիսի-Ծալկա-Նինոծմինդա և հակառակ ուղղությամբ՛՛,- նշեց ավտոբուսի ուղևորներից մեկը:

Արդյունքում մինչև երեկոյան ժամը 23:00-ն ավտոբուսը մնաց կանգնած վիճակում՝ այդպիսով չստանալով ճանապարհը շարունակելու հրաման: Բարեբախտաբար ուսանողների ծնողները իրենց մեքենաներով դիմավորրելու էին եկել ավտոբուսի ուղևորներին: Նրանք այլընտրանքային ճանապարհով կեսգիշերին ավտոբուսի ուղևորներին հասցրին Նինոծմինդա: