Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ կապված թյուրիմացությունը «պարզվել է», նա «փոքր սխալ» էր թույլ տվել` կողմնակիցների հետ առանց «Վրացական երազանք» դաշինքի համաձայնության քննարկելով Վրաստանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հարցը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` պարզաբանելով փոխվարչապետի պաշտոնից Ալասանիային զրկելու պատճառները:Հիշեցնենք, հունվարի 23-ին հայտնի էր դարձել, որ հունվարի 21-ին Իվանիշվիլին հրաման էր ստորագրել պաշտպանության նախարար Ալասանիային փոխվարչապետի լիազորություններից զրկելու վերաբերյալ: Ալասանիան գլխավորում է իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի մեջ մտնող «Մեր Վրաստանը` ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:«Նա ըմբռնումով է մոտեցել կատարվածին… Իրակլին իր քննարկմամբ փոքր սխալ է թույլ տվել…», – Դավոսում լրագրողներին ասել է Իվանիշվիլին, որտեղ նա մասնակցում է Համաշխարհային տնտեսական ֆորումին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Անձամբ Իրակլի Ալասանիան լրագրողներին հայտարարել է, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կայացրած վճիռն իր համար ընդունելի է, քանի որ այդ դեպքում ինքը կարող է ավելի լավ կենտրոնացնել ջանքերը պաշտպանության բնագավառում:
Ավելի վաղ Ալասանիան Առաջին ալիքի եթերում հայտնել էր, որ «ծանր խոսակցություն» է ունեցել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ` պետության ղեկավարի կայանալիք ընտրություններում առաջադրվելու հարցի հետ կապված:NEWS.am