Հունվարի 12-ին տեղի ունցավ Նինոծմինդա քաղաքի նոր մարզական սրահի պաշտոնական բացման արարողությունը: Մարզական սրահում անցկացվում են ինչպես կարատեի պարապմունքներ, այնպես էլ անհատական մարզումներ:
Բացման արարաողությանը մասնակցում էին Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների ղեկավար անձինք, հոգևոր հովիվ Տեր Արմաշ Պողոսյանը և մարզիկներ: Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարները խոստացան, որ կաջակցեն մարզիչ Մաքսիմ Արզումանյանին ձեռք բերել մարզումների համար նախատեսված բացվող գորգեր (տատամի): Նրանք մարզիկներին ցանկացան հետագա հաջողություններ, ինչպես նաև շնորհակալանքի խոսքեր հայտնեցին մարզիչ Մաքսիմ Արզումանյանին Նինոծմինդայում սպորտը զարգացնելու համար:
Վերջինս էլ իր հերթին նշեց, որ նոր մարզասրահը նոր հնարավորություններ է տալու մարզիկներին: Նա հուսով է, որ մարզիկները մեծ արենա են դուրս գալու: Նոր մարզասրահում երեխաները ոչ միայն մարզվելու են կարատեով, այլ նաև՝ մանկական այլ մարտարվեստներով:
Մարզասրահի բացմանն աջակցել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, իսկ ֆինանսապես աջակցել են Թորգոմ Մղդեսյանը, Հովհաննես Գորոյանը, Արտյոմ Վարդանյանը և Արարատ Ջաղացպանյանը:
Մարզասրահի շենքը Մաքսիմ Արզումանյանը վարձակալել է 10 տարի ժամկետով: