Վրաստանում հունվարի 24-ին ազատ արձակված քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի հետ հանդիպմանը Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմում ընդհանրական աղոթք է կազմակերպվել։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունից թեմակալ առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը բարձր է գնահատել Վրաստանի նոր իշխանությունների արդար եւ մարդասիրական դրսեւորումները։
Վահագն Չախալյանին ազատ արձակման կապակցությամբ հեռախոսազանգել է նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ով օրհնություն է հղել Չախալյանին։
«Իմ պայքարը եղել է հանուն արդարության, մեր պարտքն է մնալ մեր Եկեղեցուն հավատարիմ, մեր լեզվին եւ մեր ժողովրդին նվիրված եւ այդ գաղափարները փոխանցել մեր սերունդներին»-ասել է Վահագն Չախալյանը թեմում կազմակերպված հանդիպման ժամանակ։
Վահագն Չախալյանը հանդիպել է նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանին:
Նշենք, որ Չախալյանի ձերբակալության խնդրով փոքրամասնությունների իրավունքների հարցով համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետ Ֆերդինանդ դե Վարեն պատրաստել է զեկուցում ՝ «The Perils of Being a National Minority: Human Rights and Chakhalyan v. Georgia», որը հասանելի է հասցեով: NEWS.am