Երևանյան փողոցի բնակիչները կրկին քաղաքապետարանում էին և բողոքում էին, որ թե գարնան, թե ձմռան ամիսներին մշտապես ջրի խնդիր ունեն:
Բնակիչները իրենց բողոքը հայտնեցին քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին՝ խնդրելով, որ վերջինս հնարավորինս շուտափույտ լուծում տա Երևանյան փողոցի ջրի խնդրին:
Բնակիչներից Սևակ Բդոյանը նշեց, որ ստիպված ջուր են կրում հարևանությամբ գտնվող տներից, լողանում բարեկամների տանը: Նրա խոսքով, չնայած որ ջուր չեն ստանում, նրանք կանոնավոր ամեն ամիս վճարում են ջրի վարձը:
Բնակիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետը նշեց, որ այս խնդիրը գտնվում է լուծման վերջին փուլում է: Նրա խոսքով խնդրի պատճառը այն է, որր այդ հատվածի ջրամատակարարման համակարգը ոչ մեկին չի պատկանում և ոչ ոք չի զբաղվում ջրամղիչ պոմպի տեղադրման հարցերով:
Քաղաքապետը նշեց, որ սպասում են նախարարության պատասխանին, որպեսզի այդ հատվածի ջրամատակարարման համակարգը հանձնվի ընդհանուր ջրամատակարարող ընկերության վերահսկողությանը, որից հետո վերջինս կզբաղվի այդ խնդրի լուծմամբ:
Բնակիչները նշում են, որ հոգնել են սպասելուց, քանի որ պոմպերը տեղում են, սակայն դեռևս տեղադրված չեն:
Բորիս Ղարսլյան