Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձավ Լոնդոնի «Արսենալի» խաղացող: Անգլիական ակումբի պաշտոնական կայքը նշում է, որ կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր:
Նույն գործարքով չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը «Արսենալից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ֆուտբոլիստներն ու ակումբները կարգավորել են բոլոր փաստաթղթային գործերը: Սանչեսն ու Մխիթարյանը հունվարի 22-ին Լիվերպուլում գտնվող ներգաղթային կենտրոնում երկարաձգել են Մեծ Բրիտանիայում աշխատանքի իրավունքը:
Ակումբները պաշտոնապես հայտարարել են տեղափոխությունների մասին:
«Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է իր առաջին ֆոտոսեսիային լոնդոնյան ակումբի խաղաշապիկով:
Ակումբի պաշտոնական կայք էջում գրված է նաև, որ Մխիթարյանը միշտ երազել է խաղալ «Արսենալում»:
«Երազանքս դարձավ իրականություն: Ես շատ երջանիկ եմ, որ ավարտեցինք այս գործարքը: Ես շատ երջանիկ եմ լինել այստեղ: Կանեմ առավելագույնն այս ակումբի համար, որպեսզի կերտենք պատմություն»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը: