Հովնան Մզիկյանը 37 տարեկան է և արդեն քսանչորս տարի է զբաղվում է կոշիկների վերանորոգման գործով:
Ինչպես վարպետն ինքն է ասում, կոշկակարությունը դարձել է իրենց ընտանեկան գործը: Հովնանը դեռ փոքր տարիքից հետևել է, թե ինչպես էր հայրը վերանորոգում կոշիկները:
9-րդ դասարանից մինչ օրս նա զբաղվում է իր եկամտի միակ աղբյուրը հանդիսացող գործով: Հովնանը աշխատում է իր հարազատների կողմից նվիրաբերված վագոն-տնակում: Նրա խոսքով, այս աշխատանքն էլ մյուսների նման ունի իր դժվարությունները:
“Զարգացման համար պետք է ունենալ առաջին հերթին մեծ աշխատատեղ, իսկ այնուհետև տարբեր գործիքներ, կոշիկներ կարելու նոր մեքենաներ, իսկ այս ամենը ձեռք բերելու համար պետք են մեծ գումարներ, որը ես չունեմ”,- նշեց Հովնանը:
Վարպետն ասում է, որ իր օրը սկսվում է առավոտյան ժամը 8-ին և տևում մինչև երեկոյանը ժամը 6-ը, իսկ երբեմն շատ գործ ունենալու դեպքում աշխատանքային
օրն ավարտում է կեսգիշերին: Վարպետը հիմնականում շատ աշխատանք ձմռանն է ունենում:
Նիա վաստակած գումարը բավարարում է ամենօրյա ապրուստի և կոմունալ ծախսերի համար: Նա ևս 260 լարի սոցիալական օգնություն է ստանում: Վարպետը չունի սեփական տուն, նա ապրում է վարձակալած տան մեջ: Հովնանն ունի երկու երեխա: Նրանցից մեկը օգնում է նաև իրեն: Վարպետ Հովնանը ցանկանում է, որ իր որդին կոշկակարություն սովորի և շարունակի իրենց ընտանեկան գործը:
Մանրամասները դիտեք տեսանյութում.
Անահիտ Զալալյան