20-ամյա Սլավիկի սիրելի գործը մեխանիկությունն է

20-ամյա Սլավիկի սիրելի գործը մեխանիկությունն է

Նինոծմինդա քաղաքից 20-ամյա մեխանիկ Սլավիկ Ղարսլյանի սիրելի զբաղմունքն է ավտոմեքենաների տեխսպասարկումն ու վերանորոգումը:

Մեքենաների դետալների զոդում, նորոգում և ներկում` ահա այն ամենը, ինչով զբաղվում է Սլավիկը: “Սերը վարպետության նկատմամբ ինձ փոխանցվել է հայրիկիցս ու պապիկիցս: Հայրս զոդող է, իսկ պապիկս դարբին է եղել”,- նշում է Սլավիկը:

Սլավիկը մեխանիկություն սովորել է Երևանում, ինչից հետո սկսել է մեքենաներ վերանորոգել իր հայրենի քաղաքում: Չնայած որ կարճ ժամանակ է ինչ զբաղվում է իր սիրելի գործով, արդեն հասցրել է վեց ավտոմեքենա վերանորոգել:

Սլավիկն երկու արհեստանոց ունի` մեկում կատարում է վերանորոգման և ներկման աշխատանքներ, իսկ մյուսում` զոդում է ավտոմեքենաների դետալները:

«Ավելի լավ է արհեստով զբաղվել և աշխատանք ունենալ, քան իրավաբան լինել և նստել տանը”,- կարծում է երիտասարդ վարպետը:

Սլավիկը նշում է, որ իր գործում շատ է օգնում նաև համացանցը: «Երբ ինչ-որ հարցում դժվարանում եմ, համացանցում գտնում եմ դրա լուծումը»,- նշում է նա:

20-ամյա Սլավիկի երազանքն է գնել BMW մակնիշի ավտոմեքենա և սեփական ձեռքերով ծյունինգ անել այն:

Մանրամասները դիտեք տեսանյութում.

Գարուշ Արզումանյան