Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կողմ է երկաթգծի Աբխազիայով անցնող հատվածի վերականգնմանը միայն Վրաստանի դեօկուպացիայի պայմանով: Այս մասին Սահակաշվիլին հայտարարել է Թբիլիսիում Սուխումի համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ:
«Ես կողմ եմ Աբխազիայում երկաթուղու վերականգնմանը միայն մեկ պայմանով` եթե զուգահեռաբար տեղի ունենա Վրաստանի դեօկուպացիան: Հակառակ դեպքում դա կօրինականացնի օկուպացիան»,-հայտարարել է Սահակաշվիլին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Հիշեցնենք, որ երկաթուղու Աբխազիայով անցնող հատվածի վերականգնման հարցը ակտիվացավ Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանք» շարժման իշխանության գալուց հետո: Սահակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժումը» Վրաստանի խորհրդարանում ներկայումս փոքրամասնություն է:
Սահակաշվիլիի խոսքով` այստեղ գլխավոր հարցն այն է, թե «որտեղ է կանգնելու վրացի սահմանապահը, երկաթուղու վերականգնումից հետո»: «Քանի դեռ այդ հարցի պատասխանը չի տրվել, այդ երկաթուղին պլացդարմ կլինի Ռուսաստանի կողմից Կովկասի վրա ազդեցություն ունենալու համար»,-հայտարարել է Վրաստանի նախագահը:Նա նաեւ նշել , որ Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղու նախագծի իրագործման դեպքում «Վրաստանը ռազմավարական խաղացող է դառնում եւ երկրի կառավարությունը պետք է մտածի այդ մասին»:NEWS.am