Վարդուհի Եղիշեի Փութուլյան-Մարաբյանը ծնվել է 1968թ. Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղում: 1970թ. Վարդուհու ընտանիքը տեղափոխվել է Նինոծմինդա քաղաք: Մինչև 9-րդ դասարան Վարդուհին հաճախել է Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոց:
Այնուհետև ընդունվել է երաժշտական դպրոց, սակայն դադարեցրել է ուսումը դաշնամուր չունենալու պատճառով: Դաշնամուր ձեռք բերելուց հետո կրկին ընդունվել է երաժշտական դպրոց: Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո 1985թ. ընդունվել է Թբիլիսիի Դմիտրի Արաքիշվիլիի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը: 1989թ. ուսումնարանն ավարտելուց հետո մինչև այժմ աշխատում է Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցում որպես դաշնամուրի ուսուցչուհի:
Հետագայում ուսումը հեռակա շարունակել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական երաժշտական կոնսերվատորիայում:
Վարդուհին գրեթե միշտ համատեղել է աշխատանքը և ուսումը: 2006թ.-ից հանդիսանում է Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցի տնօրենը:
՛՛Մասնագիտությանս ընտրության հարցում մեծ դեր է խաղացել հայրս: Նա երաժշտության մեծ սիրահար էր և երազում էր, որ ես իմ կրթությունը շարունակեի հենց այդ ուղղությամբ՛՛,- պատմում է Վարդուհի Փութուլյանը:
Տիկին Վարդուհին հաճախ է նվագում Ռախմանինովի, Բախի, Շոպենի և Բաբաջանյանի ստեղծագործությունները: Նա պատմում է, որ շատ դժվարություններ է ունեցել հատկապես նոր տնօրեն եղած ժամանակ, երբ երաժշտական դպրոցը չուներ պատշաճ շենք, աշխատանքային պայմաններ, թղթաբանություն և նույնիսկ աշխատավարձ: Սակայն հաջողվել է այդ դժվարությունները հաղթահարել:
Վարդուհի Փութուլյանը բացի երաժշտությունից սիրում է ամեն ինչ, ինչը կապված է արվեստի հետ: Նա սիրում է նկարել և բանաստեղծություններ կարդալ: Նա վաղ տարիքում է նշանվել, երբ ընդամենը 16 տարեկան էր, սակայն ամուսնացել է երկու տարի անց: Ունի երկու դուստր և մեկ որդի:
Մանրամասները լսեք մեր հարցազրույցում.
Անահիտ Զալալյան