Նինոծմինդայի նորակոչիկները մեկնեցին բժշկական ստուգման

Նինոծմինդայի նորակոչիկները մեկնեցին բժշկական ստուգման

Փետրվարի 27-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Զինվորական կոմիսարիատի շենքի բակը մարդաշատ էր: Առիթը 25 նորակոչիկների Թբիլիսի բժշկական ստուգման ուղարկելն էր: Շենքի բակում էին հավաքվել նորակոչիկների ծնողները, հարազատները և ընկերները:

Բժշկական ստուգում անցնելուց հետո նորակոչիկները ծառայելու են Վրաստանի Պաշտպանության նախարարության զինվորական ստորաբաժանումներում: Սա արդեն նորակոչիկների երկրորդ խումբն է, որը ծառայություն է անցնելու Վրաստանի զինված ուժերում: Առաջին անգամ 7 նորակոչիկներից 6-ը բարոհաջող անցել էին բժշկական ստուգումը:

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ զինվորական ծառայությունից ժամանակավոր կազատվեն ուսանողները, գյուղական ուսուցիչներն ու բժիշկները, ընտանիքի միակ ստնտուն, թոշակառուների զավակները, առողջական խնդիրներ ունեցող անձինք: Ամուսնացած անձինք, ովքեր ունեն 1 երեխա, 3 տարով ազատվում են ծառայությունից, իսկ ովքեր ունեն 2 երեխա, առհասարակ ազատվում են զինծառայությունից:

Վրաստանում պաշտոնապես վճարելով 2000 լարի, անձը կարող է ազատվել ծառայությունից 18 ամսով: Նույն անձը ընդամենը երկու անգամ կարող է օգտվել վճարման միջոցով հետաձգման իրավունքից:

Նշենք, որ ծառայելով բանակում զինծառայողները ստանում են 50 լարի դրամական վճար: Զինծառայողը իրավունք ունի սեփական ցանկության դեպքում հանգստյան օրերին գնալ տուն: Վրաստանում զինապարտ են համարվում 18-27 տարեկան արական սեռի ներկայացուցիչները, իսկ զինծառայությունը խաղաղ ժամանակ տևում է 12 ամիս:

Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինվորական կոմիսարիատի ավագ մասնագետ Գեորգի Հարությունյանը:

Նյութը պատրաստեց Գարուշ Արզումանյանը