Նինոծմինդա քաղաքի Կամո փողոցի բնակիչները փետրվարի 28-ին դիմել էին Նոր ռադիոկայանին իրենց փողոցի անմխիթար վիճակի առնչությամբ:
Բնակիչները խնդրում են, որպեսզի մունիցիպալիտետի ղեկավարությունը ուշադրություն դարձնի իրենց փողոցի անբարեկարգ վիճակին: Խնդիրն այն է, որ փողոցը անանցանելի է դառնում ձյան հալվելուց և անձրևային եղանակներին: Փողոցով ոչ միայն տրանսպորտով անցնելն է անհնար դարձել, այլ նաև՝ ոտքով: Փողոցի անմխիթար վիճակը խոսքերով նկարագրել հնարավոր չէ: Ինչպես բնակիչներն իրենք են նշում, որպեսզի պատկերացնել, թե որտեղ են նրանք ապրում, ապա պետք է գալ այստեղ և տեսնել սեփական աչքերով:
Բնակիչները մի քանի անգամ դիմել են մունիցիպալիտետի ղեկավարությանը, սակայն ապարդյուն: Նոր ռադիոն ևս բնակիչների խնդրանքով մի քանի անգամ լուսաբանել է այս փողոցում տիրող իրավիճակի մասին:
՛՛Մենք ցանկանում ենք, որ մեր փողոցին էլ ուշադրություն դարձնեն: Գիտենք, որ նախգծով նախատեսվում է ասֆալտապատում իրականացնել 2020թ., այնուամենայնիվ խնդրում ենք ղեկավարությունից, որ փողոցը գոնե հարթեցնեն և խճապատեն՛՛,- նշեցին բնակիչները:
Խնդրի առնչությամբ դիմեցինք մունիցիպալիտետի ղեկավարությանը: Մեր հարցին ի պատասխան քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը նշեց. ՛՛Տեղյակ ենք փողոցի վիճակի մասին, այս տարի նախատեսվում է իրականացնել հարթեցման աշխատանքներ, իսկ եթե հավելյալ ֆինանսավորում լինի, ապա Կամո փողոցը կասֆալտապատվի ոչ թե 2020թ.-ին, այլ՝ 2019թ.-ին՛՛:
Մանրամասները լսեք ռեպորտաժում.
Անահիտ Զալալյան