Մայիսի 1-ից հանրային վայրերում ծխելու տուգանքների չափը կավելանա

Մայիսի 1-ից հանրային վայրերում ծխելու տուգանքների չափը կավելանա

Վրաստանում մեկնարկել է «Ազատվենք ծխախոտի ծխից» քարոզարշավը՝ նպատակ ունենալով քաղաքացիներին հանրային վայրերում ծխելու արգելքի մասին տեղեկացնել, որն ի դեպ, ուժի մեջ է մտնում մայիսի 1-ից: Քարոզարշավի կարգախոսներն են՝ «Շնորհակալ ենք, որ չեք ծխում» եւ «Անտարբեր մի եղեք»:

Վրաստանում հանրային վայրերում ծխելու արգելքը վաղուց գործում է, սակայն սահմանված տուգանքները նվազագույն են:

Ըստ «Ծխախոտի վերահսկողության մասին» օրենքում արված փոփոխությունների, 2018 թ․ մայիսի մեկից փակ տարածություններում ծխելու համար սահմանված տուգանքները կավելանան՝ ծխողների համար տուգանքը կկազմի 100 լարի, իսկ ռեստորանների եւ սրճարանների սեփականատերերի համար՝ 500 լարի:

Երկրորդ անգամ տուգանվելու դեպքում գումարը կկրկնապատկվի: Կտուգանվեն նաեւ էլեկտրոնային ծխախոտ օգտագործողները:

500 լարիով կտուգանվեն ծխող վարորդները կամ հանրային, օդային եւ ծովային տրանսպորտների աշխատակիցները, ինչպես նաեւ դրանց սեփականատերերը: Բացառություն կկազմեն միայն տաքսիները եւ մոտորանավակները։

Օրենքը պարտադրում է հյուրանոցներին մինչեւ 20 տոկոս կրճատել ծխողների համար նախատեսված համարները:

Մայիսի 1-ից հետո հնարավոր կլինի ծխել քրեակատարողական հաստատություններում եւ օդանավակայաններում՝ հատուկ նախատեսված տարածքներում:

Ծխողները կկարողանան այցելել նաեւ սիգար-բարեր, որոնք պարտավոր են ունենալ հատուկ լիցենզիաներ՝ բացառապես ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների վաճառքի համար:

www.aliq.ge