Լալա Շահբեկյանը ծնվել է 1961թ.: Նա արդեն չորս տարի է Նինոծմինդա քաղաքի կրթամշակութային երիտասարդական կենտրոնում գորգագործություն է դասավանդում:
Տիկին Լալան մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է: Գորգագործությունը նրա երկրորդ մասնագիտությունն է, որը նա յուրացրել է 10 տարի առաջ: Լալա Շահբեկյանը պատմում է, որ նախկինում Ջավախքի գրեթե բոլոր ընտանիքներում գորգագործության հարմարանքներ կային, և կանայք գորգեր էին գործում:
Այժմ արվեստի այս ճյուղով մեր մունիցիպալիտետում գրեթե ոչ ոք չի զբաղվում, բացառությամբ Նինոծմինդայի կրթամշակութային կենտրոնի սաների՝ ովքեր սովորում են արվեստի այս մոռացված ճյուղը:
Կենտրոնում սովորում են 10-18 տարեկան քսան աշակերտներ: Բացի աղջիկներից գորգագործության պարապմունքների են հաճախում նաև տղաները: Կենտրոնի սաները գործում են փոքր չափի գորգեր և կարպետներ, սակայն գերադասում են գորգեր գործել:
Հայկական գորգագործությունը բազմազան և հարուստ է, որտեղ յուրաքանչյուր նախշ ունի իր նշանակությունը: Կենտրոնում աշակերտները գործում են հայկական այբուբենի զարդանախշով գորգեր, խաչերով գորգեր, նաև կիրառում են ջավախքյան նախշեր, որոնք վերցված են Ջավախքի տարածքում գործված գորգերից և կարպետներից:
՛՛Գորգագործությունը կիրառական արվեստի ճյուղերից մեկն է: Նախշերը ներառում են մեր ազգի և հայրենիքի մասին պատմությունը: Գորգագործության արվեստն ամբողջությամբ յուրացնելու համար անհրաժեծտ է սովորել 3 տարի՛՛,-նշում է Լալա Շահբեկյանը:
Նյութը պատրաստեց Անահիտ Զալալյանը