Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության դահլիճում, հունվարի 28-ին, տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից հրատարակված «Վրաստանի հայ նկարիչները Հակոբ Հովնաթանյանից մինչեւ Գայանե Խաչատրյան. դրվագներ մեծ պատմությունից» նկարազարդ կատալոգի շնորհանդեսը: Հրատարակությունը նվիրված էր 19-20-րդ դարերում Վրաստանում, մասնավորապես Թբիլիսիում ապրած եւ ստեղծագործած հայկական ծագում ունեցող անվանի նկարիչների բազմաժանր աշխատանքներին, որոնք այսօր պահվում են Վրաստանի տարբեր թանգարաններում եւ անհատ կոլեկցիոներների հավաքածուներում:
Շնորհանդեսի բացման խոսքով հանդես է եկել Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության առաջին փոխնախարար Մարինա Միզանդարին, ով բարձր գնահատելով թիֆլիսահայ նկարիչների անգնահատելի ավանդը Վրաստանի մշակութային կյանքում` կարեւորել է նման նախաձեռնությունների արդյունավետությունը մշակութային համագործակցության տեսանկյունից:
Միջոցառմանն առանձին ելույթով հանդես է եկել Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով մասնավորապես նշել է. «Թիֆլիսյան դրոշմը կա մեր գրականության եւ թատրոնի, գեղարվեստական ողջ մտածողության վրա, սակայն, այս ամենի հետ մեկտեղ եզակի երեւույթ է տարբեր ժամանակաշրջաններում Թբիլիսիում լայն գործունեություն ծավալած հայ անվանի նկարիչների ստեղծագործությունը` ֆենոմեն հռչակված հայ գեղանկարչության թբիլիսյան դպրոցը»: Ըստ դեսպան Մանուկյանի` «Հակոբ Հովնաթանյանից մինչեւ Գայանե Խաչատրյան. դրվագներ մեծ պատմությունից» անդրանիկ ցուցահանդեսը փորձ է թե’ մեր երկրների, թե’ ամբողջ աշխարհի արվեստի սիրահարներին ներկայացնել Վրաստանի հայ կերպարվեստի վարպետներին` ստեղծագործական ուրույն ձեռագրով, տարբեր գեղարվեստական որակներով, էքսպրեսիվ արտահայտչականությամբ եւ ներգործության ուժով»:Հանդիսությանը ներկա են եղել Հայ եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Թբիլիսիում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը:NEWS.am