Վրաստանում յուրաքանչյուր 7 կնոջից մեկը ընտանեկան բռնության է ենթարկվում

Վրաստանում յուրաքանչյուր 7 կնոջից մեկը ընտանեկան բռնության է ենթարկվում

ՄԱԿ-ի կանանց կազմակերպությունը հրապարակել է կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ ազգային հետազոտության արդյունքները: Հետազոտության համաձայն, Վրաստանում 7-ից 1 կինն ընտանիքում բռնության է ենթարկվել, կանանց 9 տոկոսը սեռական ոտնձգությունների զոհ է դարձել անչափահաս տարիքում, իսկ յուրաքանչյուր 5 կնոջից 1-ը ենթարկվել է սեռական ոտնձգության:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ Վրաստանում կանանց նկատմամբ բռնությունը մեծամասամբ շարունակվում է ընդունելի լինել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Կանանց 22, իսկ տղամարդկանց 31 տոկոսը գտնում է, որ կնոջը որոշ հանգամանքներում ծեծելն արդարացված է: Ավելին, հետազոտության համաձայն, կանանց 23 տոկոսը, իսկ տղամարդկանց գրեթե կեսը (42 տոկոս) կարծում են, որ կինն ամուսնուն պետք է ենթարկվի, նույնիսկ եթե համաձայն չէ նրա հետ:

Հետազոտությունն իրականացրել են ՄԱԿ-ի կանանց կազմակերպությունը՝ Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության և Եվրամիության հետ մեկտեղ: Սա առաջին մեծամասշտաբ հետազոտությունն է, որը ներառում է 2009 թվականից կանանց նկատմամբ բռնության տարածման և խնդրի հանդեպ բնակչության վերաբերմունքի մասին տվյալներ:

www.aliq.ge