Վրաստանը հայտարարել է ԵՄ-ի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի և դրա խախտման հետևանքների մասին հասարակությանը տեղեկացնելու տեղեկատվական արշավի «երրորդ ալիքի» մեկնարկի մասին: Այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները:
Առաջին հանդիպումները կկայանան մարտի 5-6-ը՝ Իմերեթիի շրջանում:
Երկրի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները կհանդիպեն Քութայիսի, Վանի, Սամթրեդիայի, Տերզոլայի, Տկիբուլիի և Ցխալտուբոյի բնակիչներին:
Արշավի երրորդ ալիքը բաղկացած է ավելի քան 100 միջոցառումներից: Հանդիպումներ կկայանան Վրաստանի ավելի քան 50 բնակավայրերում: Զուգահեռաբար կառավարությունը պլանավորում է կյանքի կոչել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ուղղված են ապօրինի միգրացիայի դադարեցմանը: Այդ միջոցներից մեկը, ինչպես նշվում է, կլինի ազգանունը փոխելու կարգի խստացումը: