2018 թվականի մարտի 1-ից օտարերկրյա պետությունում գրանցված տրանսպորտային միջոցի վարորդը կամ սեփականատերը Վրաստանի սահմանը հատելիս պարտավոր է ապահովագրել իրեն պատկանող տրանսպորտային միջոցի նկատմամբ քաղաքացիական պատասխանատվությունը:
Այս բովանդակությունը պարունակող եռալեզու գրքույկը Վրաստանի սահմանապահները տրամադրում են վրաց-հայկական Նինոծմինդա-Բավրա սահմանին հայկական համարանիշերով մեքենաների վարորդներին և սահմանը հատող բոլոր օտարերկրացիներին:
Մարտի 1-ից պարտադիր ապահովագրությունից խուսափողներին սպառնում է 100-200 լարի տուգանք, որը համարժեք է 20-40 հազար դրամին:
Կախված տրանսպորտայիյն միջոցից և Վրաստանում գտնվելու օրերի քանակից` ապահովագրության համար սահմանված գումարի նվազագույն չափը 14 լարիից (2800 դրամ) կարող է հասնել առավելագույնը մինչև 610 լարի (120 հազար դրամ):
Օրինակ` մարդատար ավտոմեքենան պետք է վճարի 30 լարի (6000 դրամ) 15 օր Վրաստանի տարածքում գտնվելու համար: Իսկ 15 օրից պակաս ապահովագրություն նախատեսված չէ: Մանրամասները` աղյուսակում:
Չնայած մարտի 1-ին մնացել են հաշված օրեր, այդուհանդերձ, սահմանապահները դժվարացան պատասխանել մեր հարցին, թե որտեղ և ինչ կարգով է պետք ապահովագրել ավտոմեքենան, արդյոք հենց սահմանին` մուտք գործելիս է դա կատարվելու, թե հնարավոր է հասնել մարզկենտրոն և նոր կատարել անհրաժեշտ վճարումներ: «Մարտի 1-ից պարզ կդառնա»,- ասաց սահմանապահը:
Պարտադիր ապահովագրության կենտրոնի կայքում և գրքույկում միայն նշվում է, որ ապահովագրությունը կարելի է գնել բանկերում, Paybox-ի միջոցով, կենտրոնի մասնաճյուղերում, բրոկերներից և կայքէջից:
Ապահովագրության վաճառքի կետեր նշված է Վրաստանի միայն չորս սահմաններին` Բաթումի մերձակա Սարպիում, վրաց-ռուսական սահմանի Կազբեկի անցակետում, վրաց-հայկական սահմանի Բագրատաշենի անցակետում և վրաց-ադրբեջանական սահմանի Ծիթելի Խիդիում: Բավրայի մասին որևէ տեղեկատվություն ոչ գրքույկում, ոչ էլ կայքէջում չկա:
Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդը կամ սեփականատերը պարտավոր է անհապաղ տեղեկացնել պատահարի մասին Վրաստանի Ներքին գործերի նախարարության թեժ գծին` զանգահարելով 112 համարին և «Պարտադիր ապահովագրության կենտրոն»-ին` +99532 23011 հեռախոսահամարով: Վարորդը կամ սեփականատերը պետք է մնա ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում և սպասի իրավասու անձին, եթե չկա անհապաղ շտապ բժշկական օգնություն ստանալու անհրաժեշտություն:
Ապահովագրման կանոններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ tpl.ge կայքէջում