Ռուսաստանի Դաշնության հին ու նոր նախագահը կրկին Վլադիմիր Պուտինն է: Գերտերության ղեկավարը վերընտրվեց այս պաշտոնում՝ արդեն չորրորդ անգամ:
Պուտինը ստացել է ձայների 76,65 տոկոսը՝ քվեաթերթիկների 99,5 տոկոսի հաշվարկի արդյունքներով, հայտնում է ՌԴ ԿԸՀ-ն:
Այս ընտրություններին իր քաղաքական գործունեության ընթացքում Պուտինը հավաքել է ռեկորդային քանակությամբ ձայներ, աջակցություն ընտրողներից: Նրա օգտին քվեարկել են 54,4 միլիոն քաղաքացիներ, որն ուղիղ 5 միլիոնով ավելի է, քան 2004-ի ընտրություններին նրա ունեցած ցուցանիշները: Սրանից կարելի է ենթադրելէ՝ Պուտինն իր տասնամյակների նախագահության ընթացքում արժանացել է ռուսների վստահությանն ու աջակցությանը: Ընդ որում, Պուտինն ընտրություններում ստացավ ընտրողների բացարձակ մեծամասնության ձայները՝ մի քանի անգամ գերազանցելով մյուս բոլոր 7 թեկնածուների հավաքած ձայները միասին:
Գրեթե 7 անգամ պակաս ցուցանիշով երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից Պավել Գրուդինինը, նա ստացել է ձայների 11,8 տոկոսը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ունի 5,67 տոկոս ձայն, «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից Քսենյա Սոբչակը հավաքել է ձայների 1,67 տոկոսը, «Յաբլոկո» կուսակցությունից Գրիգորի Յավլինսկին՝ 1,04 տոկոս, «Աճի կուսակցությունից» Բորիս Տիտովը՝ 0,76 տոկոս, «Ռուսաստանի կոմունիստները» կուսակցությունից Մաքսիմ Սուրայկինը՝ 0,68 տոկոս, Ռուսական Համաժողովրդական միությունից Սերգեյ Բաբուրինը վերջին տեղում է՝ 0,65 տոկոս ձայներով:
Վլադիմիր Պուտինն ընտրվել է 6 տարի ժամկետով՝ մինչեւ 2024 թվականը:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրություններ էին, մասնակցում էր 8 թեկնածու: Այս ընտրություններում գրանցվել է սովորականից 7 միլիոնով ավել քաղաքացիների մասնակցություն: