Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի, հայտնում է gazeta.ru-ն՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը հղումով:
Աղբյուրը մանրամասնում է, որ զոհերի թվում կա առնվազն 9 երեխա:
Անհետ կորած են համարվում տասնյակ մարդիկ՝ այդ թվում երեխաներ:
Ականատեսների համաձայն՝ հրդեհի ժամանակ որևէ մեկը չի զբաղվել մարդկանց անվտանգ տարհանման հարցով, իսկ հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել:
Հրշեջ ծառայության աշխատակիցները շենքի տարածք են մտել հրդեհի բռնկումից 12 ժամ անց:
Ria.ru-ն էլ հավելում է, որ հրդեհի գործով ձերբակալվել ու հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնը սպասարկող ընկերության ղեկավարն ու վարձակալը, որի տարածքում գտնվել է կրակի օջախը:
Տեղի ունեցած խոշոր հրդեհի զոհերի կամ տուժածների թվում, ըստ նախնական տեղեկությունների, կան հայեր։ Այս մասին հայտնել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Նշվում է, որ իշխանությունները մտադիր են 1-ական միլիոն ռուբլի վճարել զոհերի ընտանիքներին: