Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից զոհվել Է 41 երեխա: Այդ մասին վկայում են զոհվածների ցուցակները, որոնք փակցված են ողբերգության զոհերի ազգականների կողմից ստեղծված շտաբում:
Ընդամենը ցուցակներում 64 զոհվածների ազգանուններն են, որոնցից 41-ն անչափահասներ են:
Խոշոր հրդեհի հետևանքով 4 հոգանոց ընտանիքից ողջ է մնացել միայն 11-ամյա Սերգեյը, որը, սակայն կոմայի մեջ է գտնվում։
11-ամյա Սերգեյի տատիկը զոհերի մեջ հայտնաբերել է տղայի ծնողներին ու կրտսեր քրոջը։
Նախնական տվյալների համաձայն՝ ընտանիքն ուղևորվել է առևտրի կենտրոն երեխաներից մեկի համար գլխարկ գնելու համար։ Ավելի ուշ որոշել են մտնել խաղային գոտի։ Երբ սկսվել է հրդեհը՝ ընտանիքը չի կարողացել ելքը գտնել։
Հայրը հասցրել է միայն Սերգեյին նետել 4-րդ հարկի պատուհանից, մնացածն արդեն չեն հասցրել նետվել։
Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ընկնելու հետևանքով նա բազմաթիվ վնասվածքներ է ստացել։
Նշենք, որ ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի: Հրդեհի գործով ձերբակալվել ու հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնը սպասարկող ընկերության ղեկավարն ու վարձակալը, որի տարածքում գտնվել է կրակի օջախը:
Ականատեսների համաձայն՝ հրդեհի ժամանակ որևէ մեկը չի զբաղվել մարդկանց անվտանգ տարհանման հարցով, իսկ հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել:
Զոհվածների ազգականների նախաձեռնող խմբի անդամները, որոնք այցելել են Կեմերովոյի դիարան, հաստատել են առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհից 64 մարդու զոհվելու վերաբերյալ պաշտոնական տվյալների հավաստիությունը: