Քաղաքապետարանը անցկացրել է ասֆալտապատման մրցույթ

Քաղաքապետարանը անցկացրել է ասֆալտապատման մրցույթ

Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը հայտարարել է 2 մրցույթ, որոնք վերաբերում են Նինոծմինդա քաղաքի 10 փողոցների և Սաթխա-Սպասովկա ճանապարհի ասֆալտապատմանը: Երկու մրցույթներն էլ հաղթել է ՛՛Ջավախք-ԱվտոԳզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը: Նինոծմինդա քաղաքի 10 փողոցների ասֆալտապատման համար նախատեսվել է 1.828.238 լարի, իսկ Սաթխա-Սպասովկա ճանապարհի համար՝ 258 000 լարի:

Մրցութային ծրագրով նախատեսված է ասֆալտապատել Նինոծմինդա քաղաքի հետևյալ փողոցները՝ Գոգոլ փողոցի շարունակությունը, Գրիբոեդով, Մարջանիշվիլի, Թումանյան, Խաչատրյան, Էրզրումյան, Լենինական, Կարլ Մարքսի նրբանցք, Չարենց և Ռուսթավելի փողոցները:

Բացի այդ այս տարի նախատեսվում է ասֆալտապատել Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհը:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանի խոսքով՝ շինաշխատանքները մեկնարկելու են մեկ ամսից՝ ՛՛Ջավախք-ԱվտոԳզա՛՛ ճանապարհաշինական ընկերության հետ պայմանագրի կնքումից հետո:


Գարուշ Արզումանյան