Վրաստանով անցնող երկաթուղին կարեւորագույն նշանակություն ունի Հայաստանի համար: Այս մասին «Մոսկովսկիե Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն` անդրադառնալով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` վերջերս Երեւան կատարած այցին եւ Աբխազիայով անցնող երկաթուղու վերականգման հնարավորության մասին հարցին:
«Ադրբեջանն ու Թուրքիան շրջափակել են մեր սահմանները: Միջազգային պատժամիջոցները դժվարացնում են Իրանի հետ մեր տնտեսական կապերը, ուստի Վրաստանով անցնող երկաթուղին կարեւորագույն նշանակություն ունի: Հանդիպման ժամանակ մենք չէինք կարող շրջանցել այդ հարցը: Շատ բաց եւ վստահելի խոսակցություն է ընթացել, չի եղել մի հարց, որի շուրջ մենք փոխհամաձայնության չգայինք եւ մեր դիրքորոշումները մոտ չլինեին: Վրաստանը եւս շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորվելու մեջ: Մեզ ուրախացրել է Վրաստանի վարչապետի դիրքորշումն` այս խնդիրների կծիկը քանդելու վերաբերյալ եւ Ռուսաստանի հետ կապերը կարգավորելու նրա շահագարգռվածությունը: Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում այս խնդիրը լուծում կստանա եւ մենք եւս դրա համար կներդնենք առավելագույն ջանքերը»,-ասել է Հայաստանի վարչապետը:
Խոսելով ղարաբաղյան խնդրի լուծման հնարավորության մասին, Տ. Սարգսյանը նշել է, որ ամեն բան, նախ եւ առաջ, կախված է Ադրբեջանի քաղաքական կամքից: «Բանակցային գործընթացների ժամանակ Հայաստանը միշտ կառուցողական դիրքորոշում է ունեցել, որը նշանակում է, որ բանակցությունների ճանապարհով պետք է գտնել փոխընդունելի որոշումներ: Բայց, ցավոք, մեր հարեւանները դրան պատրաստ չեն»,-ասել է նա:
Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, Հայաստանի վարչապետը նշել է, որ այդ հարցում զգացվում է Ադրբեջանի ուժեղ ազդեցությունը, որը Թուրքիայից պահանջում է Հայաստանին մեկուսացման տանող քաղաքականություն վարել:
NEWS.am