Սամցխե-Ջավախքն ազատ տնտեսական գոտի հայտարարելու գաղափարը Վրաստանի դեմ ուղղված Ռուսաստանի ծրագրի մի մասն է: Այդ մասին հայտնել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ մեկնաբանելով Ռուսաստանում Ջավախքի սփյուռքի տարածած հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ է հայաբնակ Սամցխե-Ջավախքն ազատ տնտեսական գոտի հայտարարել:
«Անջատողականության նոր գաղափարը մեզ համար աննկատ կներդրվի: Ամեն ինչ փոխկապակցած է: Աբխազիայից Վրաստանով դեպի Հայաստան երկաթուղու բացումը, որը ներկայումս հիմնավորապես հակասում է Վրաստանի շահերին: Երկրորդը, երբ բանտից ազատ արձակեցին Չախալյանին, եւ նա այժմ այնքան է լկտիացել, որ հայտարարություններ է անում ամեն օր: Հարձակում է սկսվել Վրաստանի կենտրոնական իշխանության վրա, եւ դա այժմ ազատ տնտեսական գոտու թեման է: Նրանք ամեն գնով ցանկանում են ինչ-որ ցուցադրական միավոր ստեղծել Ջավախքում, եւ այդ ազատ տնտեսական գոտու գաղափարն այն է, որպեսզի ստեղծեն միասնական վարչական միավոր, եւ երբ այն ստեղծվի, նրա համար ինքնավարություն եւ Վրաստանից անկախություն պահանջեն», – ասել է նա՝ ուշադրություն դարձնելով, որ այդ մասին խոսում են ոչ թե ջավախահայերը եւ Հայաստանի կառավարությունը, այլ Ռուսաստանի ջավախահայ սփյուռքը:
«Դա նշանակում է, որ նախաձեռնությունը գալիս է Ռուսաստանից: Դա հենց այն է, ինչի մասին մենք խոսում էինք, որ մեկ ծրագրի մաս է: Վրաստանի կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի թույլ չտա դա: Դա սովորական հարց չէ: Մենք դրա միջով արդեն անցել ենք նախորդ տարիներին», – հայտարարել է Սահակաշվիլին, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:
NEWS.am