Վրացական գինին ռուսական շուկա կարող է վերադառնալ գարնանը

Վրացական գինին ռուսական շուկա կարող է վերադառնալ գարնանը

«Ռոսպոտրեբնադզոր»-ը դեռ պատրաստ չէ Ռուսաստանի տարածքում թույլատրել վրացական գինին, փետրվարի 4-ին լրագրողներին հայտնել է գերատեսչության ղեկավար Գենադի Օնիշչենկոն, հաղորդում է «Փրայմը»:
Ինչ վերաբերում է գինու մատակարարումներին, ապա «Ռոսպոտրեբնադզոր»-ի մասնագետները մոտ մեկ շաբաթ անց Վրաստան կայցելեն այդ հարցը քննարկելու համար:
«Մոտ մեկ շաբաթ հետո «Ռոսպոտրեբնադզոր»-ի ռուս մասնագետները Վրաստան կայցելեն», – ասել է Վրաստանի գինու ազգային գործակալության ղեկավար Լեւան Դավիթաշվիլին Մոսկվայում Օնիշչենկոյի հետ բանակցություններն ամփոփելով:
«Առաջին այցի ժամանակ մասնագետների երեք խումբ կմեկնի` գործընթացը չձգձգելու համար», — իր հերթին հայտնել է Օնիշչենկոն:
Օնիշչենկոն նաեւ հավելել է, որ վրացական գինին արդեն առաջիկա գարնանը կարող է վերադառնալ ռուսական շուկա:
Նա նաեւ նշել է, որ ներկայումս վրացական ավելի քան 60 ձեռնարկություններ պատրաստ են վերսկսել գինու մատակարարումները Ռուսաստան:
Ռուսաստանում վրացական գինու եւ հանքային ջրերի մատակարարումը դադարեցվել էր 2006թ.` վրաց-ռուսական հարաբերությունների սրմանը զուգընթաց: Պաշտոնական պատճառը որակի նկատմամբ պահանջն էր: Թբիլիսիում, սակայն, խոսում էին պաշտոնական Մոսկվայի կողմից տվյալ որոշման քաղաքական ենթատեքստի մասին:
NEWS.am



Opinion, pooling and voting