Նինոծմինդայում հարգեցին Ապրիլի 9-ի զոհերի հիշատակը

Նինոծմինդայում հարգեցին Ապրիլի  9-ի զոհերի հիշատակը

Ապրիլի 9-ին Վրաստանը նշում Է Անկախության վերականգնման օրը եւ 1989 թվականին Թբիլիսիում ԽՍՀՄ պաշտպանության նախարարության զորքերի կողմից բազմահազարանոց հանրահավաքի ցրման զոհերի հիշատակի օրը:

Ապրիլի 9-ը Վրաստանում ընդունված է համարել ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության եւ հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր: Հաստատված ավանդույթի համաձայն՝ այդ օրը թբիլիսցիները, ի հիշատակ զոհվածների, կակաչներ են դնում նախկին խորհրդարանի շենք տանող աստիճաններին: Թբիլիսիի բնակիչները ողբերգության վայրում սկսում են հավաքվել գիշերվանից:

Ընդունված ավանդույթի համաձայն Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարությունն ու բնակիչները Հայոս-Քարթլոս զբոսայգում ծաղիկներ խոնարհեցին Ապրիլի 9-ի զոհերի հուշարձանին:

Հանրահավաքի ցրման հետեւանքով զոհվել Է 21 մարդ, որոնց մեծամասնությունը կանայք են: 1989 թվականի ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների հետաքննման համար ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի կողմից ստեղծվել Էր հանձնաժողով՝ Անատոլի Սոբչակի գլխավորությամբ: Հանձնաժողովը եզրակացրել Է, որ ցուցարարների դեմ անհամամասնական ռազմական ուժ Է կիրառվել:

1989 թվականի ապրիլի 9-ի օրը, կամ, ինչպես այն հետո սկսեցին անվանել, «արյունոտ կիրակին», 29 տարի առաջ բեկումնային դարձավ Վրաստանի համար: Ուղիղ երկու տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին ազգային շարժման առաջնորդ Զվիադ Գամսախուրդիան՝ Վրաստանի ապագա նախագահը, հայտարարեց Վրաստանի անկախության վերականգնման մասին:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting