
Մայիսի 5-ին Բոլնիս-Խաչենում նշեցին հայ մեծ դասական, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանի ծննդյան 178 ամյակը:
Միջոցառմանը ներկա էին գրողներ, մշակույթի գործիչներ և պաշտոնատար անձինք Թբիլիսիից և Նինոծմինդայից:
Մասնավորապես ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամները, Բոլնիսի մունիցիպալիտետի ղեկավարները, Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակույթի գործիչները, Ղազարոս Աղայանի հարազատները և Բոլնիս-Խաչենի բնակիչները:
Միջոցառմանը հնչող ելույթներն ուղեկցվում էին երաժշտական և պարային կատարումներով: Միջոցառման համերգային մասը կազմակերպել էր Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնը, որի ժամանակ մասնավորապես հանդես եկան «Նաիրի» պարի համույթը` պարուսույց Լուսինե Մզիկյանի ղեկավարությամբ և «Սայաթ Նովա» երգչախումբը` Հայաստան Իսպիրյանի գլխավորությամբ: Համերգին հանդես եկան նաև Բոլնիս-Խաչենի դպրոցի աշակերտները:
Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախաձեռնությամբ, իսկ ֆինանսապես աջակցել էր Քվեմո-Քարթլիի շրջանային և Բոլնիսի մունիցիպալիտետի ղեկավարությունը:
Ղազարոս Աղայանը բազմաժանր գրող է: Նա գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ:
Նա օժտված էր բնության զարմանալի զգացողությամբ և նկարչի նուրբ դիտողականությամբ: Աղայանի անունով են կոչվել դպրոցներ և փողոցներ Երևանում, ՀՀ, ԼՂՀ տարբեր բնակավայրերում և ծննդավայրում: Բոլնիս-Խաչենում գործում է գրողի տուն-թանգարանը:
Հեղինակ՝ Բորիս Ղարսլյան