Սոչիում արդեն ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ եւ նշել, որ «Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցն ու գործընկերն է տարածաշրջանում»:
«Դա վերաբերում է թե՛ տնտեսական փոխգործակցությանը, թե՛ անվտանգության հարցերին»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Անդրադառնալով տնտեսական կապերին՝ ՌԴ նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն անընդհատ ավելանում է:
«Սա շատ լավ դինամիկա է, ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս տեմպը ոչ միայն պահպանել, այլեւ բազմապատկել: Ձեզ մաղթում եմ հաջողություն կառավարության ղեկավարի պաշտոնում: Հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կզարգանան նույն տեմպերով»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ ՀՀ ղեկավարությունն ու ժողովուրդը շատ բարձր են գնահատում Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հարցում Ռուսաստանի հավասարակշռված քաղաքականությունը։
«Հայ-ռուսական հարաբերություններում կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն եւ հարցեր, որոնք քննարկման կարիք չունեն: Մասնավորապես, քննարկման կարիք չունի հայ-ռուսական ռազմավարական-դաշնակցային համագործակցությունը: Որեւէ մեկը Հայաստանում կասկածի տակ չի դրել եւ չի դնի հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները: Մենք տրամադրված ենք նոր խթան հաղորդելու մեր հարաբերություններին ինչպես քաղաքական, այնպես էլ առեւտրատնտեսական ոլորտներում»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը:
https://www.facebook.com/azatutyun/videos/1939712129407488/