Զարգացման մունիցիպալ հիմնադրամի և Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի միջև պայմանագրի կնքումից հետո հայտարարվել է Հեշտիա գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների մրցույթ-տենդեր, որը կկայանա մայիսի 31-ին:
Նախագծի ամբողջական գումարը կազմում է 1 791 528 լարի, որի 20%-ը (358 305 լարի) բաժին է հասնում մունիցիպալիտետին, իսկ գումարի 30%-ը (537 458 լարի) կֆինանսավորի Զարգացման մունիցիպալ հիմնադրամը: Ինչ վերաբերում է մնացած 50%-ին (895 784 լարի), քաղաքապետարանը որոշել է վերցնել 10 տարվա երկարաժամկետ վարկ Եվրոպական բանկից: Վարկի տոկոսադրույքը կկազմի 11 տոկոս:
Նախագիծը արդեն հաստատվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի կողմից:
Նինոծմինդայի քաղաքապետարանի Տնտեսական ծառայության ղեկավար Սայաթ Մկոյանի խոսքով՝ քաղաքապետարանը վարկի դիմաց տարեկան վճարելու է 100 հազար լարի, իսկ տոկոսային գումարը գնալով փոքրանալու է:
Հիշեցնենք, որ Նինոծմինդա-Հեշտիա ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է 2015թ.: Այս երեք տարիների ընթացքում Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից ասֆալտապատվել է 3500 մետր ճանապարհ:
Նոր մրցույթով այս տարի նախատեսվում է ասֆալտապատել ավելի քան 4կմ ճանապարհ:
Մանրամասների մասին տեղեկություն տրամադրեց Տնտեսական հանձնաժողովի ղեկավար Սայաթ Մկոյանը.
Գարուշ Արզումանյան