Մայիսի 18-ին Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցում հնչեց Վերջին զանգը: Այս տարի թիվ 1 դպրոցն ավարտեցին թվով 12 շրջանավարտ:
Հրաժեշտի խոսքեր, ժպիտ, հուզմունք: Ամեն ինչ միախառնվել էր, և ինչպես իրենք՝ շրջանավարտներն են նշում, բավականին բարդ ու պատասխանատու պահ է իրենց համար կյանքի այս փուլում:
Վերջին զանգի միջոցառման ժամանակ դպրոցի տնօրեն Տիգրան Պողոսյանը շրջանավարտներին նոր կյանքի շեմին մաղթեց հաջողություն և նպատակների իրականացում: Իսկ դասղեկ Կարինե Սողոյանը իր շնորհավորական խոսքում մասնավորապես նշեց.
՛՛Ինչպես ձեր մայրը, ցանկանում եմ ձեզ ամենայն բարիք, կյանքում գրավեք ձեր արժանի տեղը, թող հաջողությունը միշտ ուղեկցի ձեզ՛՛:
Շրջանավարտներին շնորհավորելու էին եկել նաև Նինոծմինդայի մունցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը և քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը:
Շրջանավարտներին առաջիկայում սպասում են ավարտական քննություններ վրաց լեզու և գրականաություն, աշխարհագրություն, պատմություն, ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա առարկաներից և օտար լեզուներից:
Շրջանավարտներից շատերը դիմելու են Վրաստանի բուհեր:
Բորիս Ղարսլյան