Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամություն է հայտնել՝ միաժամանակ նշելով, որ Միխայիլ Սահակաշվիլին իր հայտարարությամբ եւ ստի հերթական դրսեւորմամբ «կրկին ցանկանում է զայրացնել» եւ փորձում է խուսափել նախօրոք առաջարկված ծրագրով համագործակցությունից:
Վարչապետի նոր հաղորդագրությունը, վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, տարածել է նրա մամուլի ծառայությունը: Դրանում, մասնավորապես, ասվում է.
«Միխայիլ Սահակաշվիլին իր հայտարարությամբ եւ զրպարտության հերթական վերարտադրությամբ կրկին փորձում է զայրացնել մեզ, հրաժարվել մեր քաղաքական ուղղվածությունից եւ դրանով խուսափել իմ առաջարկած գործողությունների հստակ ծրագրից: Այդ պատճառով էլ հայտարարում ենք, որ.
Կատարյալ սուտ է այն, որ ես երբեւէ որեւէ մեկին կոչ եմ արել ոչնչացնել «Միացյալ ազգային շարժումը» (ավելին, նման եզրութաբանություն կա միայն Ազգային շարժման բառապաշարում, որի օրինակն է ընդդիմության՝ «որպես դասակարգի» ոչնչացման կոչն ընտրություններից առաջ):
Փետրվարի 8-ին բռնության փաստերը մեծամասամբ հրահրվել են 3500 մարդուց բաղկացած նրա իսկ թիմի անդամների եւ նախագահական թիկնազորի աշխատակիցների նախապես ծրագրված գործողություններով, որոնք չէին մասնակցում կարգուկանոնի ապահովմանը:
Ծանր է լսելը, թե ինչպես է նոյեմբերի 7-ին եւ մայիսի 26-ին իրականացրած վանդալիստական գործողությունների հեղինակը մեզ բարոյականություն կարդում փետրվարի 8-ի կապակցությամբ:
Սակայն երկրի առաջ ստանձնած պարտավորությունները ստիպում են կրկին հաստատել փետրվարի 9-ին արված առաջարկը: Անփոփոխ է նաեւ մեր առաջարկած օրակարգը»:
Հիշեցնենք, ավելի վաղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին եւ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարություններ էին փոխանակել: Իվանիշվիլին դատապարտել էր փետրվարի 8-ին Թբիլիսիի Ազգային գրադարանի մոտ կատարված դեպքերը եւ Սահմանադրության ու օրենքի գերակայության շրջանակում նախագահի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել:
Ի պատասխան Միխայիլ Սահակաշվիլին հայտնել էր, որ պատրաստ է արդեն փետրվարի 11-ից երկխոսություն վարել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ օրենսդրական փոփոխությունների հարցերի շուրջ: Նա ողջունել էր այն փաստը, որ «վարչապետը փոխել է «Միասնական ազգային շարժումը» ոչնչացնելու իր սովորական կոչը եւ երկխոսություն է առաջարկել»:
Փետրվարի 8-ին Թբիլիսիի Ազգային գրադարանի մոտ, որտեղ սպասվում էր նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի այցը, վերջինիս կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ բախումներ էին տեղի ունեցել, «Միասնական ազգային շարժման» մի քանի պատգամավորներ տուժել էին, մասնավորապես՝ Չիորա Տակտակիշվիլին: Ֆիզիկական վիրավորանք էր հասցվել նաեւ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային:NEWS.am