Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը

Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը

Փետրվարի 11-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Վրաստան։

Նույն օրը կայացան Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի բանակցությունները, որոնց ընթացքում շարունակվեց մեկ ամիս առաջ Երևանում սկսված երկխոսությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման վերաբերյալ:

Հայ-վրացական հարաբերություններին բնորոշ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին ս.թ. հունվարին նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Երևանում կայացած հանդիպմանը և երկու երկրների վարչապետների բանակցություններին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Նախարարներն անդրադարձան հայ-վրացական օրակարգային հարցերին և դրանց լուծման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերին։ Որպես քաղաքական երկխոսության արդյունավետ ձևաչափ Էդվարդ Նալբանդյանն ու Մայա Փանջիկիձեն կարևորեցին վերջին տարիներին ձևավորված երկու երկրների ԱԳ նախարարների պարբերական հանդիպումների ավանդույթի պահպանումը։

Լուրեր Հայաստանից – NEWS.am



Opinion, pooling and voting