104-րդ Վարդատոնը. ուղիղ միացում Թբիլիսիից

104-րդ Վարդատոնը. ուղիղ միացում Թբիլիսիից

Թբիլիսի, մայիսի վերջին կիրակի, ավանդական Վարդատոն` արդեն 104-րդ անգամ: 1914-ին Թումանյանի և Բաշինջաղյանի գաղափարն էր` տարվա մեջ մեկ անգամ մեծ աշուղ Սայաթ-Նովային նվիրված օր ունենալ:

Այսպես արդեն 1 դարն ապրած` Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված օրը իսկական տոն է դարձել: Հայ-վրացական դարավոր բարեկամության խորհրդանիշ` Սայաթ -Նովայի շիրիմին նախ թարմ վարդեր են դրվում, ապա Թիֆլիսի սրտում օրը շնչում է Սայաթ-Նովայով:

«Սայաթ-Նովան միավորեց բոլորին` իր երգով և իր մշակույթով,- ասում է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը,- մենք բոլորս միավորվենք սայաթնովյան գեղեցիկ երգով, և աշխարհի ամեն անկյուններում, մանավանդ Վրաստանում ապրելով` ամենքս միավորվենք մեր հավատքի, մեր մշակույթի շուրջ, և մենք պետք է տեսնենք, որ ուժեղ ենք , և բարեկամությունն էլ` ամուր»:

Սայաթ-Նովան իր եռալեզու տաղերում գովերգում էր սերը, համամարդկային անգնահատելի արժեքները, այդ գաղափարները հարյուրավոր տարիներ անց էլ արդիական են, իսկ Սայաթ-Նովայի երգը` անմահ:

104-րդ Վարդատոնը կազմակերպվել էր Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի, Վիրահայերի միության կողմից` աջակցությամբ Վիրահայոց թեմի, Թբիլիսիի քաղաքապետարանի, Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների ու մշակույթի նախարարությունների: Այս տարի էլ ժողովրդական տոնը համախմբել էր հայ և վրաց հանդիսատեսին, Վրաստանում գործող` հայ գրական և մշակութային գրեթե բոլոր կազմակերպություններին և անհատներին, պարային համույթներին, երաժշտական խմբերին և անհատ կատարողներին: Երգ, պար, ասմունք, բազմաթիվ ելույթներ, մի քանի ժամ` Սայաթ-Նովա. Սա է Վարդատոնը:

3 դարից ավել է անցել Սայաթ-Նովայից, սակայն նրա խոսքն ու երգն այսօր էլ արդիական ու ճշմարիտ են: Ինչպես մեկ տասնամյակից ավել` ամեն տարի, այս անգամ էլ տոնին մասնակից դառնալու համար Թբիլիսի են ժամանել Հայաստանի հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» երգի վաստակավոր անսամբլը` գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ:

Վարդատոնն ավանդական է դառնում նաև Երևանում, արդեն մի քանի տարի է թբիլիսյան վարդատոնին նախորդող շաբաթվա վերջին օրը Հայաստանի մայրաքաղաքում ևս նշվում է որպես աշուղի հիշատակի և հարգանքի օր:
Ձեզ ենք ներկայացնում Ալիք Մեդիայի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակումը Թբիլիսիից.
https://www.facebook.com/aliQmedia/videos/1826042084372414/