Կոյուղագծեր են անցկացվելու Նինոծմինդա քաղաքի 9 փողոցներում

Կոյուղագծեր են անցկացվելու Նինոծմինդա քաղաքի 9 փողոցներում

«ԳԵՈ-5» շինկազմակերպությունը սկսել է կոյուղագծերի կառուցման աշխատանքները Նինոծմինդա քաղաքում:

Աշխատանքները մեկնարկել են այս տարվա մայիսի 17-ից: Նախատեսվում է կոյուղագիծ անցկացնել քաղաքի 9 փողոցում: Ներկայումս շինաշխատանքները ընթանում են Նինոծմինդա քաղաքի Աբովյան փողոցում: Չարենց և Ռուսթավելի փողոցներում արդեն անցկացվել են կոյուղագծեր:

Կոյուղագծերի ընդհանուր երկարությունը կազմելու է 1,5 կմ: Քաղաքի Մյասնիկյան, Աբովյան, Կարս, Չարենց, Ռուսթավելի, Սպանդարյան, Պուշկին, Գագարին և Երևանյան փողոցներում կոյուղագծերի անցկացման համար տեղական բյուջեից նախատեսված է հատկացնել 100 հազար լարի գումար: Տենդեր մրցույթը հաղթել է Գևորգ Մոսոյանին պատկանող «ԳԵՈ-5» շինկազմակերպությունը՝ 87 հազար լարիի դիմաց:

Կոյուղագծերի անցկացման բոլոր աշխատանքները նախագծով նախատեսվում է ավարտին հասցնել մինչև այս տարվա օգոստոսի 15-ը: Շինկազմակերպության ղեկավարի խոսքով՝ աշխատանքները բնականոն կերպով իրականացնելու համար ունեն համապատասխան տեխնիկա, շինանյութ և աշխատուժ:
՛՛Ժամանակին կկարողանք ավարտին հասցնել աշխատանքները, իսկ եթե եղանակային պայմանները թույլ տան, հնարավոր է սահմանված ժամանակից ավլելի շուտ ավարտենք՛՛,- նշեց Գևորգ Մոսոյանը:


Անահիտ Զալալյան