Վրաստանի «Միացյալ ազգային շարժման» գլխավոր քարտուղար, երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին եւ Կախեթիի նահանգապետ, առողջապահության նախկին նախարար Զուրաբ Ճիաբերավիլիին փետրվարի 13-ին կանչել են Արեւմտյան Վրաստանի դատախազության հարցաքննության` «Աշխատանք փնտրողների հաշվառում» ծրագրի գործով: Այս մասին հաղորդում է շրջանային դատախազության մամուլի ծառայությունը:
«Աշխատանք փնտրողների հաշվառում» ծրագրի իրականացումն սկսվել է նախկին իշխանությունների ժամանակ, 2012-ին, որի նպատակը գործազուրկների եւ բնակչության աշխատանքի տեղավորմանն աջակցելու վերաբերյալ տվյալների բազայի ստեղծումն է, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Դատախազության տվյալներով` 2012-ի սեպտեմբերի 3-ին, Սոցիալական զարգացման գործակալությունը հրաման է արձակել, որի համաձայն Վրաստանի բոլոր շրջաններում 21 837 մարդու հետ ոչ հաստիքային աշխատանքի լրացուցիչ պայմանագրեր են կնքվել: Այդ մարդին պետք է աշխատանք փնտրողների հաշվառում իրականացնեին, սակայն դատախազությունը պարզել է, որ այդպիսի աշխատանք չի կատարվել, սակայն սեպտեմբերի վերջին նրանցից յուրաքանչյուրին 240 լարի (մոտ 144 դոլար) գումար է փոխանցվել: Այդ նպատակով պետական բյուջեից դուրս է գրվել 5,24 մլն լարի (մոտ 3,16 մլն դոլար):NEWS.am