Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը 3 նոր աշխատակից ունի: Նրանք են՝ Արթուր Շիրինյանը, ով նշանակվել է քաղաքապետարանին կից վերահսկողական նորաստեղծ ծառայության ղեկավար, Սոս Բդոյանը՝ վերահսկողական ծառայության բաժնի պետ և Սայաթ Գյուլասարյանը՝ վերահսկողական ծառայության մասնագետ: Նոր աշխատակիցները նշված պաշտոններում նշանակվել են քաղաքապետարանի կողմից անցկացված հանրային ծառայողների հաստիքների համար նախապես հայտարարված մրցույթի բոլոր փուլերը հաղթահարելուց հետո:
Վերահսկողական նոր ծառայության պարտականությունների մեջ է մտնում մունիցիպալիտետում իրականացվող բոլոր շինարարական և վերականգնողական աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացումը: Բացի այդ, նորաստեղծ ծառայությունը իրականացնելու է հսկողություն մունիցիպալիտետի արտաքին տեսքի բարեկարգված լինելու նկատմամբ: Մասնավորապես հետևելու է գովազդների օգտագործման, փողոցային առևտրի կանոնակարգման, փողոցների մայթերը իրենց նպատակին ծառայեցնելու և անօրինական կերպով հողօգտագործման նկատմամբ հսկողության սահմանման աշխատանքներին:
Վերահսկողության ծառայության նորանշանակ ղեկավար Արթուր Շիրինյանի խոսքով՝ այժմ զբաղված են գովազդի տեղադրման և շինաշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացմամբ:
Մանրամասները լսեք նյութում.
Բորիս Ղարսլյան