Նինոծմինդա քաղաքի բնակչուհի Լուսինե Ղարսլյանը արդեն 7 տարի է զբաղվում է թռչնաբուծությամբ: Նա իր սեփական բիզնեսը հիմնել և ընդլայնել է Թրփանջյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Լուսինեն նշում է, որ թռչնաբուծությամբ զբաղվելը ոչ միայն հնարավորություն է տալիս ձեռքի տակ մշտապես թարմ մսամթերք ունենալ, այլ նաև հանդիսանում է եկամտի աղբյուր:
Ֆերմերի խոսքով՝ ամենաշատ խնամքի կարիք ունեն փոքր ճուտերը: Նրանց բնականոն կյանքի հիմնական և անհրաժեշտ նախապայմաններից են մաքուր, չոր միջավայրն ու մշտական խնամքը: Լուսինեն նշում է, որ ճուտերը առհասարակ ոչ թե աճեցնում են, այլ գնում են ինչ-որ տեղից: Նա նշեց, որ ճուտերը 3 օր է ինչ ձեռք են բերել Կոդայից և արդեն հասցրել են պատվաստել:
Ֆերմերի խոսքով, տեղում բավականին մեծ պահանջարկ ունի հավի մսամթերքը: Կան մշտական գնորդներ, որոնք հիմնականում ռեստորաններն են ու սրճարանները:
Լուսինե Ղարսլյանը պատմում է, որ թռչնաբուծությամբ զբաղվելը ոչ միայն հոբբի է իր համար, այլ այս գործը նրան ամենօրյա ուրախություն և հաճույք է պատճառում:
Բորիս Ղարսլյան