Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել

Գիորգի Կվիրիկաշվիլին հեռանում է Վրաստանի վարչապետի պաշտոնից: Այս մասին նա հայտարարել է հունիսի 13-ին կառավարության գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությամբ, իր և իշխող թիմի միջև որոշակի ուղղություններով գոյություն ունեն տարաձայնություններ: Նրա խոսքերով, «Վրացական երազանք» կուսակցության նախագահին պետք է հնարավորություն տրվի, թիմը կոմպլեքտավորել սեփական տեսակետի համաձայն:

«Ինչպես գիտեք, երեկ տեղի է ունեցել իշխող թիմի հանդիպումը, որից հետո արվել են հրապարակային հայտարարություններ: Որոշ հարցերի շուրջ իմ և իշխող թիմի միջև, ի հայտ են եկել որոշակի տարաձայնություններ: Կոնկրետ, խոսքը վերաբերել է իմ ղեկավարությամբ իրականացրած տնտեսական քաղաքականությանը: Վերջին ամիսների ընթացքում գոյություն ունեին մի շարք սկզբունքային հարցեր, որտեղ իմ և կուսակցության նախագահի միջև առաջացել են տարակարծիքներ: Սա սովորական գործընթաց է: 2012 թվականից հետո, ես չեմ խուսափել բանավեճից: Այսօր այն պահն է, երբ կուսակցության նախագահին պետք է տրվի հնարավորություն, թիմը համալրել սեփական տեսակետի համաձայն»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականի դեկտեմբերի 30-ից: 2015 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի դեկտեմբերը նա Վրաստանի արտաքին գործերի նախարարն է, իսկ 2013 թվականի հուլիսից մինչև 2015 թվականի դեկտեմբերը՝ երկրի փոխվարչապետ, 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2015 թվականի սեպտեմբերը՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար:

Սահմանադրության համաձայն, վարչապետի հրաժարականը կամ նրա իրավասության այլ կերպ դադարեցումը հանգեցնում է կառավարության այլ անդամների իրավասության դադարեցմանը:

www.1tv.ge