SJGC գազամատակարարող ընկերությունը այս օրերին Սաղամո գյուղում իրականացնում է գազաֆիկացման աշխատանքներ:
Ընկերության աշխատակիցները ներկայումս իրականացնում են զոդման աշխատանքներ, որոնք նախատեսված է ավարտին հասցնել մեկ ամսվա ընթացքում:
Սաղամո գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ պետությունը ոչնչով չի աջակցել իրենց գյուղի գազաֆիկացման ծրագրին: 3 կմ երկարությամբ կենտրոնական գազատարի անցկացման համար անցյալ տարվա աշնանը գյուղացիներն են գումար հավաքել, իսկ մնացած աշխատանքներն իրականացնում է SJGC գազամատակարարող ընկերությունը: Բնական գազով ապահովված լինելու համար յուրաքանչյուր ընտանիք ծախսելու է 2000-ական լարի գումար:
Կենտրոնական գազատարը սկիզբ է առնում Գանձա գյուղից:
Հիշեցնենք, որ Սաղամո գյուղը գազաֆիկացված չէր, այն դեպքում, երբ հարևան գյուղերը մի քանի տարի է ապահովված են բնական գազով: Բնակիչները նշում են, որ ամսեկան գազի համար ծախսում են 80-100 լարի գումար և հույս ունեն, որ բնական գազ ունենալու դեպքում նրանց հոգսերը կքչանան և կկարողանան ապրել ավելի հարմարավետ կյանքով:
Սաղամո գյուղը ծովի մակարդակից գտնվում է 1986 մետր բարձրության վրա: Գյուղում ապրում է 40 ընտանիք:
Գարուշ Արզումանյան