Երեկ՝ հունիսի 19-ին NOR ռադիոն անդրադարձ էր կատարել, որ Նինոծմինդայի քաղաքապետարանի Կոմունալ ծառայությունը մունիցիպալիտետի գյուղերում արդեն տեղադրել է Վրաստանի Բնապահպանության և շրջակա միջավայրի պաշտպանության կողմից տրված թվով 200 աղբարկղ, որից 3-ը պետք է տեղադրվեին Փոքր Խորենիա գյուղում:
Նյութի հրապարակումից կարճ ժամանակ անց NOR ռադիոյի տաղավար էր զանգահարել Փոքր Խորենիա գյուղի բնակիչներից մեկը, ով նշեց, որ իրենց գյուղում ոչ թե տեղադրված է 3, այլ՝ 2 աղբարկղ: Տեղեկանալու համար, թե արդյոք ստացված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, և որտեղ է տեղադրվել 3-րդ աղբարկղը, մենք զանգահարեցինք Ջիգրաշենի գյուղական համայնքի /որի մեջ է մտնում Փոքր Խորենիա գյուղը/ ղեկավար Արարատ Հովհաննիսյանին: Վերջինս մեր հարցին ի պատասխան նշեց, որ այդ 3-րդ աղբարկղը տեղադրված է Ջիգրաշեն գյուղ տանող ճանապարհին:
Արարատ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում այդ քայլը պատճառաբանեց այն հանգամանքով, որ Փոքր Խորենիա գյուղին, որն ունի ընդամենը 14 ընտանիք, տեղադրված երկու աղբարկղը միանգամայն բավարար է: Այդ պատճառով էլ 3-րդ աղբարկղը տեղադրել են Ջիգրաշեն գյուղի մուտքի մոտ:
Նյութի հեղինակ՝ Գարուշ Արզումանյան