Հայաստանում կարկուտը կրկին վնասել է ծիրանի, սալորի, խնձորի և բանջարեղենի բերքը: Այն կես ժամ է տևել և, ըստ նախնական տվյալների, այս տարի ամենաուժեղն է եղել և ամենամեծ վնասն է հասցրել գյուղացիներին: Վնասի հստակ չափերը դեռ պետք է գնահատվեն: Աղետի էպիկենտրոն՝ Արմավիրի մարզ, օպերատիվ խումբ է մեկնել:
Հակակարկտային կայանները հերթական անգամ լավ չեն գործել անհայտ պատճառով: Գյուղատնտեսության նախարարությունը խոստովանել է, որ դրանք ոչ ամբողջ հզորությամբ են աշխատել:
«Հակակարկտային կայաններն աշխատել են, սակայն ոչ այն ծավալով, որ մենք կցանկանայինք»:
Առավել շատ և հաճախ կարտկից տուժում են Հայաստանի Արմավիրի մարզի տնտեսությունները, չնայած որ այստեղ ավելի քան 150 հակակարկտային կայան է տեղադրված: Նախորդ կառավարությունն արդեն զգացել էր դրանց անարդյունավետությունն ու փորձում էր կարկուտից պաշտպանելու այլ մեթոդներ գտնել: Խոսվում էր հակակարկտային ցանցերի կիրառման անհրաժեշտության մասին: Սակայն դրանք չափազանց թանկ էին գյուղացիների համար, և մեծ մասը հրաժարվում էր բերքը պաշտպանելու այդ մեթոդից:
Նախարարների նոր կաբինետը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իր առաջին իսկ նիստին քննարկել է այն հարցը, թե ինչպես օգնել Արմավիրի շրջանի բնակիչներին և փոխհատուցել կարկտի հասցրած վնասը:
Այժմ Հայաստանի կառավարությունը երեք տարով հետաձգել է «ՎԱԲԱ» ընկերության համար ԱԱՀ վճարումը սարքավորումներ ներկրելու համար: Կառույցը Հայաստանում հակակարկտային ցանցեր է արտադրելու և պատրաստվում է գործարան կառուցել Վանաձոր քաղաքում:
Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ամբողջ արտադրությունը կազմակերպվելու է Հայաստանում.
«Ընկերությունն այս նախագծում կներդնի 2,25 մլրդ դրամ: Արդյունքնում՝ 24 աշխատատեղ կստեղծվի՝ 320 հազար դրամ միջին աշխատավարձով»:
Նախարարն ընդգծել է նաև, որ արդյունքում Հայաստանում կնվազեն հակակարկտային ցանցերի գները:
Սակայն, այնուամենայնիվ, շատ ֆերմերներ կարծում են, որ այս մեթոդի կիրառումը չի կարող ամբողջությամբ լուծել կարկուտից բերքը պաշտպանելու խնդիրը:
Սարգիս Միքայելյանը հակակարկտային ցանցով պատել է խաղողի իր 5 հա այգին Ալաշկերտ համայնքում: Նա մոտ 2,5 մլն դրամ է ծախսել այդ նպատակով: Հիմա ֆերմերն ուրախ կլինի պաշտպանել իր հողատարածքի մնացած 9 հեկտարն ավելի ցածր գնով:
Միքաելյանը կարծում է, որ ցանցերն առավել արդյունավետ են պաշտպանում կարկուտից: Սակայն և ինքը, և մյուս արմավիրցիները պնդում են, որ այդ մեթոդը կարելի է կիրառել միայն խաղողի այգիների և երիտասարդ, ոչ բարձր ծառերի համար: Ծիրանի և կեռասի հասուն ծառերն անհնար է ցանցով պատել. դրանք 6-7մ բարձրություն ունեն:
Նախորդ կառավարությունը գյուղացիներին առաջարկում էր ծառերի գաճաճ տեսակներ աճեցնել: Եվ ֆերմերները կտրականապես մերժում էին այդ առաջարկը: Մասնավորապես, Հռիփսիմե Ավետիսյանն Արգինա գյուղից ասում էր.
«Ես չեմ կարող ոչնչացնել իմ այգին, որպեսզի նոր գաճաճ ծառեր տնկեմ, 5-7 տարի բերքի սպասեմ: Էլ չեմ խոսում այն մասին, թե որքան գումար պետք է ներդնել դրա վրա»:
Այնպես որ, գյուղացիները դեռ կսպասեն նոր կառավարությունից նոր առաջարկների:
Աղբյուր՝ Jam-news.net