Այս տարի Ախալցիխե-Ախալքալաք մայրուղին չի վերանորոգվի, փոխարենը կվերանորոգվի Ախալքալաքից մինչև Հայաստանի սահման տանող ճանապարհը։ Այս մասին տեղեկացնում է Jnews.ge լրատվականը:
Ախալցիխե-Ախալքալաք մայրուղին, մասնավորապես Ախալքալաքի մոտակա հատվածը (մոտավոր 50-60 կմ) վարորդների համար վտանգավոր է դարձել, ճանապարհին չկա մի հատված, որ վնասված չլինի, կամ մեծ փոսեր չլինեն։
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնել են, որ այս տարի Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհը չի վերանորոգվի, սակայն, ըստ նրանց, կլինի «ճանապարհի խնամք և պահպանում»։
Փոխարենը կվերանորոգվի Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի 98-112 կմ հատվածը, այսինքն մինչև Հայաստանի սահմանն ընկած հատվածը։
Չնայած այն հանգամանքին, որ նախկին ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն Ախալքալաք այցի ժամանակ հայտարարել էր, որ Ախալքալաք-Նինոծմինդա-Բավրա ճանապարհի վերանորոգման տենդեր-մրցույթն արդեն հայտարարված է, Վրաստանի ճանապարհային վարչությունից հայտնել են, որ դեռ հայտարարված չէ, բայց կհայտարարվի մոտակա օրերին։