Հունիսի 26-ին դեռևս առավոտվա ժամերից Վրաստանի Համընդհանուր ջրամատակարարող ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղի աշխատակիցները վերանորոգում էին մի քանի օր շարունակ վթարված վիճակում գտնվող Մեծ Խանչալի գյուղի խմելու ջրի ջրատար խողովակը:
Արդեն կեսօրին մոտ վերանորոգչական աշխատանքները ավարտին էին հասցված:
Ջրամատակարարող ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղի ղեկավար Արզուն Գորոյանի խոսքով` խնդրի մասին տեղեկանալուց հետո անմիջապես ընկերության աշխատակիցները մեկնել են Մեծ Խանչալի գյուղ: Գորոյանը նշեց, որ խնդրի մասին իրազեկվել են NOR ռադիոկայանի նախօրեին տարածած տեղեկությունից:
“Գյուղի բնակիչների կողմից մենք որևէ ահազանգ չենք ստացել և համապատասխանաբար տեղյակ չէինք, որ ջրատար է վնասվել: Ներկայումս խնդիրն արդեն լուծված է մեր աշխատակիցների կողմից”,-նշեց Արզուն Գորոյանը:
Նշենք, որ սոցիալական ցանցերում ընթերցողները մեկնաբանություն էին թողել նյութի տակ, որ մենք ապատեղեկատվություն ենք տարածել և որ բնակիչները իրենց խնդրի մասին նախ տեղեկացնում են NOR ռադիոկայանին, ապա նոր խնդրի համար պատասխանատու մարմիններին:
Հիշեցնենք, որ մեր նախորդ նյութում մենք մեջբերել էինք Մեծ Խանչալի գյուղի քաղաքապետի ներկայացուցիչ Արմեն Անանիկյանի խոսքը այն մասին, որ իրենք խնդրի մասին տեղեկացրել են Ջրամատակարարող ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղին, սակայն 4 օր շարունակ ոչ մի միջոցառում չի ձեռնարկվել ընկերության կողմից: Ի հեճուկս Արմեն Անանիկյանի` ջրամատակարարող ընկերությունում մեզ պատասխանեցին, որ բնակիչների կողմից ջրատարի վթարման մասին ոչ մի ահազանգ չեն ստացել և այդ մասին տեղեկացել են միայն NOR ռադիոկայանի տարածած տեղեկատվությունից:
Բորիս Ղարսլյան